ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ճշմարտությունը մեջտեղում է` պետք է լինի և՛ ազատ շուկա, և՛ պետության կարգավորիչ դեր»

«Ճշմարտությունը մեջտեղում է` պետք է լինի և՛ ազատ շուկա, և՛ պետության կարգավորիչ դեր»
21.07.2009 | 00:00

«ՀՈԳԵՎՈՐ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
-Հունիսի 24-26-ը Նյու Յորքում Դուք մասնակցեցիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի «Ֆինանսատնտեսական ճգնաժամը և նրա ազդեցությունը զարգացման վրա» գիտաժողովին: Միայն Դո՞ւք էիք ներկայացնում Հայաստանը:
-ՄԱԿ-ը չէր կարող չքննարկել գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները, դա արվեց գիտաժողովի մակարդակով, որին մասնակցում էին բազում երկրների պատվիրակություններ` նախագահների, վարչապետների, նախարարների, դեսպանների ղեկավարությամբ: Հայաստանի պետական կառույցներից ներկայացուցիչներ չկային, մասնակցում էին միայն ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչության անդամները: «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպությունը գրանցված է և խորհրդատվական ձայնի իրավունքով կարող է մասնակցել ՄԱԿ-ի ամենաբարձր կառույցների գիտաժողովներին: Նախքան գիտաժողովն ընտրության խնդիր կար, և առաջարկված էր ներկայացնել ճգնաժամի մասին սեփական կարծիքը:
-Ձեր նկատառումները ճգնաժամի հաղթահարմա՞ն մասին:
-Ոչ այնքան հաղթահարման, որքան ֆինանսատնտեսական ճգնաժամը բնապահպանի տեսակետից: Ես նշել էի, որ անցումային շրջանի երկրներն արդեն ունեցել են շատ լուրջ ճգնաժամ միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարությամբ` համարյա ստիպողական, որ իրականացվել է իրավականորեն անխաթար, որովհետև մեր պետությունը ստորագրել ու վավերացրել է բոլոր փաստաթղթերը: Մենք թռիչք կատարեցինք` 100-տոկոսանոց ղեկավարվող, պլանային տնտեսության իրավիճակից դեպի 100-տոկոսանոց ազատ շուկա: Հետևանքը պիտի լիներ տնտեսության կազմաքանդումը, ինչը և եղավ: Շոկային թերապիա, որ շատ ազգային տնտեսագետներ չէին ընդունում, մենք ևս այդ մասին քանիցս բարձրաձայնել ենք: 2001 թ. Հայաստանի կայուն զարգացման հայեցակարգ ենք մշակել` ամրագրելով, որ պետությունը պիտի ունենա իր կարգավորիչ դերը: Առավել ևս` անցումային շրջանում, որը պետք է իրականացվեր էվոլյուցիոն ճանապարհով: Նույն թվականին այդ հարցի շուրջ ես զեկուցել եմ նաև Ժնևում կայացած ՄԱԿ-ի Տնտեսական հանձնաժողովի երկրների վեհաժողովում: Նյու Յորքում ներկայացրած իմ թեզերում ես նաև նշել էի, որ մենք բախվեցինք նեոլիբերալ քաղաքականության սկզբունքներին և շատ մեծ կորուստներ կրեցինք, իսկ հիմա բախվում է ամբողջ աշխարհը, ուստի մեր փորձը պետք է հաշվի առնել: Պետք է վերանայել նեոլիբերալիզմի սկզբունքները, որոնց հիման վրա գործում են միջազգային ֆինանսական կառույցները` Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերում ճշմարտությունը մեջտեղում է` պետք է լինի և՛ ազատ շուկա, և՛ պետության կարգավորիչ դեր: Հետպատերազմյան Գերմանիայի, անցումային շրջանի Չինաստանի, նաև Նոր Զելանդիայի, որը չընդունեց նեոլիբերալիզմի սկզբունքները, փորձը ցույց է տալիս, որ դրական արդյունք տալիս է այդպիսի մոտեցումը: Չինաստանը (և միջազգային կառույցներն ընդունում են դա) միակ երկիրն է, որը չի տուժել ֆինանսատնտեսական ճգնաժամից: Ես նշել էի նաև, որ չի կարելի ֆինանսատնտեսական ճգնաժամը դիտարկել միայն ֆինանսական ոլորտում, այլ պետք է քննարկել համընդհանուր ենթատեքստում` բնապահպանական, սոցիալական, մարդկային զարգացման: Չհանդգնեցի գրել, որ այս ճգնաժամը, իմ խորին համոզմամբ, մոլորակի պատասխանն է մեր դրսևորած վերաբերմունքին (բայց ակնարկեցի), ի վերջո, բնության բոլոր օրենքներով այդ վերաբերմունքը պիտի իր պատասխանը ստանա: Ի պատասխան, ի զարմանս ինձ, հրավեր ստացա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի ստորագրությամբ:
-Ի՞նչ խնդիրներ էին քննարկվում գիտաժողովում:
-Հիմնական անհանգստությունը զարգացող աշխարհի` աֆրիկյան, լատինամերիկյան երկրներին էր վերաբերում: Մեր երկրների մասին, ցավոք, այդ առումով ակնարկ չկար: Ռուսաստանի հանրության ներկայացուցչի հետ գիտաժողովին միջազգային հասարակայնության ներկայացրած հայտարարության մեջ ավելացրինք անցումային շրջանի երկրների հիմնախնդիրները և ֆինանսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունն ու բնապահպանական խնդիրները: Գիտաժողովում հնչած ելույթների մեջ ամենահաճելի զարմանքն ինձ պատճառեց գլխավոր ասամբլեայի նախագահ Միգել դը’ Էսկոտո Բրոկմանի խոսքը: Նա ոչ մի բառ չարտաբերեց փողի, ֆինանսների մասին, խոսեց մեծ հավատքի ու բնապահպանության մասին: Եվ դա պատահական չէր, որովհետև, ինչպես հետո տեղեկացա, նա եպիսկոպոս է: Հայր Միգելն ուղղակի հայտարարեց, որ կենդանի Երկիր մոլորակը մեր միասնական ընդհանուր տունն է, որ ոչ գնել, ոչ վաճառել հնարավոր չէ: Մարդկությունը միայն մի մասն է այդ միասնական օրգանիզմի` հուզական, հոգևոր մասը, բայց մոռացել է այդ մասին, և ներկա ճգնաժամը Երկրի պատասխանն է «բնապահպանական բանդիտիզմին»: Երկիրը պատկանում է ոչ միայն հարուստներին, այլև բոլոր մարդկանց: Արտադրության միջոցները յուրացրել են մի քանի երկրներ միայն: Տնտեսական ամբողջ համակարգն անարդար է: Նա հիշեցրեց, որ 1972 թ. շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի առաջին համաժողովում ընդունվեց, որ Երկրի բնական ռեսուրսները մարդկության ընդհանուր ժառանգությունն են: Բնավ ընդունելի չէ «ջուրն ապրանք» է սկզբունքը, չափազանց տագնապահարույց է ջրային ռեսուրսների համընդհանուր մասնավորեցումը, որը սահմանափակում է մարդու հիմնական իրավունքներից մեկը` մաքուր ջրի հասանելիության իրավունքը: Տագնապահարույց են անտառների, օվկիանոսի վիճակը, կլիմայի փոփոխությունը: Պետք է միջուկային սպառազինությանը վերջ տալ: Ճգնաժամի հաղթահարման համար հայր Միգելն առաջարկում էր, և ես նրա հետ լիովին համաձայն եմ, նոր էթիկայի, արդարության նոր ճանապարհների որոնում: Նա անհրաժեշտ համարեց անցումը «կենսաքաղաքակրթությանը», որը հիմնված է բնապահպանական ու համընդհանուր էթիկայի վրա: Մենք զարգացնում ենք միայն ֆինանսական կապիտալը, մոռանալով հոգևոր կապիտալի մասին, որը սահմաններ չունի: Հասել է հոգևոր կապիտալի զարգացման ժամանակը: Գիտությունը պետք է հարստացնել հոգևոր նպատակասլացությամբ: ՄԱԿ-ի գրեթե բոլոր կառույցները հանդես եկան այդ տեսակետին համահունչ «կանաչ էկոնոմիկայի» ձևավորման և կայուն զարգացման սկզբունքներին անցնելու հրատապ անհրաժեշտությունը շեշտող համատեղ հայտարարությամբ:
-Ի՞նչ է նշանակում «կենսաքաղաքակրթություն», դա նո՞ր հասկացություն է:
-Հայր Միգելի բացատրությամբ` «կենսաքաղաքակրթության» հիմնական դրույթները հինգն են` բնական պաշարների պատասխանատու, կայուն օգտագործում, էկոնոմիկայի արդյունքների արդարացի բաշխում, ժողովրդավարություն, հոգևոր զարգացում, ստեղծագործական արարում, համընդհանուր սոցիալական բարեկեցություն:
-Հայր Միգելը հավերժություն ապահովող դրույթներ է առաջադրել, բայց ինչպե՞ս հասնել այդ վիճակին:
-Նա էթիկական չորս սկզբունքներ է առաջադրում` հարգանք, հոգատարություն-կարեկցանք, համընդհանուր պատասխանատվություն, համագործակցություն: Նա կոչ էր անում հավատալ հոգևոր ավանդույթներին և եսասիրության հաղթահարման հնարավորությանը, որը կհանգեցնի ճգնաժամի հաղթահարմանը: Նա շեշտեց, որ մարդկությունը սիրո պտուղ է: Երկիրը սիրով է իր ռեսուրսները մարդկանց տալիս, բայց մարդիկ մոռացել են, որ ոչ միայն պիտի օգտագործեն, այլև պահպանեն Երկիրը: Մարդիկ շատ վատ պահապաններ են, նրանք պետք է գիտակցեն դա ու փոխվեն և սեր վերադարձնեն Երկրին իր սիրո դիմաց: Հայր Միգելը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հնչեցրեց ճգնաժամի վերաբերյալ Բենեդիկտոս 16-րդ պապի խոսքերը. «Ես մարդկային իմաստությանն եմ դիմում ու համերաշխությանը, որպեսզի ժամանակակից ճգնաժամի հաղթահարման արդյունքում մենք առավել արդարացի աշխարհի հասնենք»: Ներկա գլոբալ ճգնաժամը կարող է և պետք է մաքրագործի մեզ:
-Գիտաժողովն ի՞նչ գնահատական տվեց ճգնաժամին և կանխանշե՞ց հաղթահարման հնարավորություններ:
-Նախ` որ ճգնաժամն իրապես աննախադեպ է և շատ ծանր, կարելի է համեմատել միայն 20-րդ դարի 30-ական թթ. մեծ դեպրեսիայի հետ: Մենք Հայաստանում առաջին փուլը համեմատաբար թեթև անցանք, այն, ինչ պատմում էին տարբեր երկրների ներկայացուցիչներ, ուղղակի ահավոր էր: Գլոբալ տնտեսական աճը և համաշխարհային առևտրի ծավալը 9 տոկոսով կրճատվել է, 2 տարում աղքատության մեջ է հայտնվել 100 միլիոն մարդ, ևս 50 միլիոնը կհայտնվի 2009-ի ընթացքում: Կտրուկ ընկել են մետաղների գները, տասնյակ անգամ կրճատվել է զբոսաշրջությունը, կործանվում են տրանսազգային ընկերությունները: Հազարամյակի զարգացման նպատակների կատարումը սպառնալիքի տակ է: Ճգնաժամի աղբյուրը զարգացած երկրներն են, մինչդեռ ամենամեծ հարվածը ստանում են զարգացող երկրները, քանի որ չունեն ճգնաժամին դիմակայելու անհրաժեշտ ներուժ: Գիտաժողովում քանիցս հնչեցվեց այն տեսակետը, որ 30 տարի առաջ Վաշինգտոնում ձևավորված նեոլիբերալիզմի գաղափարախոսությունը (հիմնված վաշինգտոնյան կոնսենսուսի սկզբունքների վրա) հանգեցրեց ներկա ճգնաժամին, հիմնական սխալն ազատ շուկայի հնարավորությունների գերագնահատումը և պետության կարգավորիչ դերի թերագնահատումն է: Մինչդեռ միջազգային ֆինանսական ինստիտուտները շարունակում են երկրներին նույն քաղաքականությունը հանձնարարել: Միաժամանակ նշվեց, որ ճգնաժամը խորանում է կլիմայի գլոբալ փոփոխությամբ, որն արդեն վիթխարի վնասներ է պատճառել շատ երկրների, հատկապես ծովամերձ և կղզիաբնակ: Ճգնաժամում էական դեր են խաղում և՛ զարգացման բնապահպանական բաղադրիչի թերագնահատումը, և՛ կայուն զարգացման սկզբունքներին ուղղված քայլերի հապաղումը:
-Ի՞նչ քայլեր են առաջարկվում այդ վիճակից դուրս գալու համար:
-Նախ և առաջ` վերանայել շուկայական ռադիկալիզմի քաղաքականությունը և պետության կարգավորիչ դերը մեծացնել: Օգնել զարգացող երկրներին, հատկապես ամենաքիչ զարգացածներին: Զարգացող երկրների պարտքերը վերանայել, առավել տուժած երկրների պարտքերը ներել, մեծացնել տարածաշրջանային բանկերի դերը, հիմնական տարադրամից` դոլարից բացի, շրջանառության մեջ դնել տարածաշրջանային տարադրամներ` եվրոյի նման: Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առևտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխումներ իրականացնել, այդ կառույցներում վերանայել քվեարկության կարգը և քվոտաների բաշխումը, նրանց վրա հաստատել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վերահսկողությունը: Բոլոր առումները հաշվի առնելով` ակտիվացնել կայուն զարգացման սկզբունքներին անցնելու գործընթացը:
-Ո՞ր երկրների ներկայացուցիչների ելույթներն էին առավել համահունչ թեմային:
-Դժվար է ասել. բոլոր ելույթներն էլ բովանդակալից էին, գրեթե լիովին համերաշխության մթնոլորտ էր ձևավորվել: Ամենատպավորիչն ինձ համար Էկվադորի նախագահի ելույթն էր` Լատինական Ամերիկայի երկրների անունից: Նա ուղղակի հայտարարեց, որ արդարությունն ու հավասարությունը միայն ճարտասանություն են, գործնականում աշխարհի հզորներն են կառավարում աշխարհը: Նրա գնահատմամբ` ՀԲ-ն և ԱՄՀ-ը, ստեղծված լինելով համաշխարհային ֆինանսական համակարգի կայունացման նպատակով, իրականում ծառայել են խոշոր կապիտալին, տրանսազգային ընկերություններին, այլ ոչ թե ժողովուրդներին: Այդ ինստիտուտներին այլընտրանք է հարկավոր: Էկվադորն այն երկրներից է, որ հրաժարվել է իր պարտքից` համարելով հարկադրված: Պարտքի աուդիտը ցույց է տվել, որ այն չի օգնել երկրին ու զարգացմանը, ահա և որոշել են չվերադարձնել ու այլ երկրներին էլ խորհուրդ են տալիս նույն կերպ վարվել: ԱՄՆ-ի ներկայացուցիչներն ընդունում էին բարոյական պատասխանատվությունը գլոբալ ճգնաժամի համար, բայց չէին համաձայնում առավել արմատական տեսակետներին, որ անհրաժեշտ է անցնել գերազանցապես պետականորեն կարգավորվող տնտեսության: Նրանք ազատ շուկան համարում են անհրաժեշտություն, պնդելով, որ պետք է զգուշորեն վերաբերվել ֆինանսատնտեսական քաղաքականության փոփոխություններին և գտնել արդյունավետ հավասարակշռություն: Եվրամիության անունից հանդես գալով` Չեխիայի ներկայացուցիչն ընդունեց, որ շուկայի հնարավորությունները գերագնահատվել են, և պետք է հավասարակշռություն գտնել շուկայի ու պետական կարգավորման միջև: Շվեյցարիայի գնահատականով` տնտեսական մոդելը, որի առանցքում ագահությունն է, պետք է հանգեցներ ճգնաժամի: Ճապոնիան ձևավորվող շուկայական տնտեսությամբ երկրներին ուշադրություն դարձնելու և ճգնաժամի հարվածները թուլացնելու անհրաժեշտությունը նշեց: Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը և ուրիշներն ընդգծեցին միջազգային ֆինանսական ինստիտուտների բարեփոխումների անհրաժեշտությունը: Ֆինլանդիան զգուշացնում էր պարենային ճգնաժամից և ուշադրություն էր հրավիրում ճգնաժամի բնապահպանական ու սոցիալական կողմերի վրա: Ֆրանսիան գլոբալ տնտեսական համակարգի չգործառնելու և չկարգավորվող գլոբալացման հետևանք էր համարում ճգնաժամը, ԳԴՀ-ն համոզված էր, որ աշխարհն ականատես է շուկայական ռադիկալիզմի տապալումին, անհրաժեշտ է նոր, արդար սոցիալ-տնտեսական կարգ ՄԱԿ-ի հովանու ներքո: Չինաստանը կարևորում էր Հարավ-Հարավ համագործակցությունը և պատրաստ էր իր փորձը փոխանցել այլ երկրների` իբրև ճգնաժամից ամենաքիչ տուժած երկիր: Ռուսաստանը կողմնակից էր նոր գլոբալ ֆինանսական համակարգի ստեղծմանը, որի հիմքում տարածաշրջանային տարադրամներն են: Նիդեռլանդների ներկայացուցիչն արձանագրեց մասնակիցների համաձայնությունը, որ ճգնաժամը շուկայի ինքնակարգավորման ավելորդ լավատեսության հետևանք է, որ գլոբալացումը կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ, որ ՄԱԿ-ը վիթխարի և անդյուրաթեք կառույց չէ և կարող է շատ արագ արձագանքել ժամանակի մարտահրավերներին:
-Գիտաժողովի եզրափակիչ փաստաթղթում ի՞նչ ամրագրվեց:
-Ներկայացված տեսակետների հիմնական մասն արտահայտվեց եզրափակիչ փաստաթղթում, նշվեց, որ ձևավորվող շուկայական տնտեսությամբ երկրներն արդեն աշխատում են ճգնաժամի բացասական ներգործության հաղթահարման ուղղությամբ, և նրանց քվոտաները պետք է բարձրացնել, այդ երկրները զարգացած երկրների հետ հանձն են առել գլոբալ տնտեսության վերականգնումն ու կարգավորումը, որ, իմ կարծիքով, չափազանց լավատեսական մոտեցում է: Ես չորրորդ անգամ էի մասնակցում նման գիտաժողովի, որտեղ ամբողջ աշխարհն էր ներկայացված այդպիսի բարձր մակարդակով, և, իմ տպավորությամբ, առաջին անգամ զարգացող երկրները շատ ավելի ակտիվ էին զարգացած երկրներից, նույնիսկ ագրեսիվ` մեղադրելով զարգացած երկրներին երկրագնդի բոլոր հնարավոր ճգնաժամերի համար, առաջին անգամ էի նաև տեսնում, որ զարգացած երկրներն այդքան մեղմ պաշտպանվեն և շատ հարցերում ընդունեն իրենց մեղքը:
-Ինչո՞վ եք բացատրում` ասելիք չունե՞ն, թե՞ դա էլ է քաղաքականություն:
-Այստեղ, իրոք, շատ լուրջ խնդիրներ կան, և համընդհանուր ճգնաժամը սրում է դրանք: Մեր երկրի փորձից ելնելով` մենք անընդհատ խոսել ենք նեոլիբերալիզմի վտանգավորության մասին, բայց մեզ ոչ ոք չի լսել: Պետական մակարդակով, ցավոք, այդ խնդիրները չեն բարձրացվել, իսկ հասարակական կազմակերպությունների ձայնը տեղ չի հասել:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1561

Մեկնաբանություններ